Գործարարության աջակցման հայաստանյան գրասենյակը ֆինանսավորում կստանա Միացյալ Թագավորության կառավարությունից` օժանդակելու գործառնությունների շարունակմանը և ՓՄՁ-ների համար COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմմանը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամը (Good Governance Fund – GGF)»  աջակցելու է Հայաստանում ՎԶԵԲ-ի օժանդակությամբ գործող՝ Գործարարության աջակցման գրասենյակի (ԳԱԳ) գործառնություններին։ Լավ կառավարման հիմնադրամը նաև կօգնի Գործարարության աջակցման գրասենյակին առաջ տանել մի շարք նպատակային գործողություններ, որոնք ուղղված են հայաստանյան ՓՄՁ-ների համար COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմմանը:  

Գործարարության աջակցման գրասենյակը հարթակ է ստեղծում Հայաստանի Հանրապետության կառավարության և մասնավոր հատվածի միջև քաղաքական երկխոսություն վարելու համար, ինչպես նաև տրամադրում է տնտեսական և իրավաբանական փորձագիտություն՝ խթանելու ավելի բարենպաստ ներդրումային միջավայր, որտեղ մասնավոր հատվածը կարող է բարգավաճել։ ԳԱԳ-ը առանցքային դեր է խաղում՝ օգնելով Հայաստանի Կառավարությանը ձևավորել գործարարությանն աջակցող տնտեսական քաղաքականության արձագանք COVID-19 համաճարակի պայմաններում՝ սերտորեն համագործակցելով բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ:  

Գործարարության աջակցման գրասենյակի գործողությունները, որոնց նպատակն է օգնել Հայաստանի մասնավոր հատվածին հաղթահարել COVID-19-ի ֆինանսական և գործառնական հետևանքները, ներառում են. տարածաշրջանային գյուղատնտեսական կենտրոնի փորձնականացում (պիլոտային ծրագիր)` արտադրողների և գնորդների միջև կապերի ամրապնդման նպատակով, աջակցություն ՓՄՁ-ներին իրենց բիզնես մոդելների ադապտացման գործում և Ներդրումների աջակցման գործակալության հետ համատեղ հայկական ստարտափների համար զարգացման վաղ փուլի ֆինանսավորման հիմնադրամի (seed fund) ստեղծում։ Մինչ օրս Գործարարության աջակցման գրասենյակը ֆինանսավորում է ստացել ՎԶԵԲ-ի՝ Բաժնետերերի հատուկ հիմնադրամից (SSF)։

ԳԱԳ-ը համագործակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ` պարզելու բիզնեսի և ներդրողների առջև ծառացած հիմնական մարտահրավերները՝ միաժամանակ ձևավորելով անհրաժեշտ բարեփոխումներ՝ այդ մարտահրավերները հաղթահարելու նպատակով:

«Մենք երախտապարտ ենք մեր գործընկեր Գործարարության աջակցման գրասենյակին, ինչպես նաև Երևանում Բրիտանական դեսպանատան մեր գործընկերներին այս կարևոր նախաձեռնությանը սատարելու համար: ՎԶԵԲ-ը հավատարիմ է իր հանձնառությանը՝ աջակցելու Հայաստանի բարեփոխումների օրակարգին և սատարելու կառավարության և մասնավոր հատվածի միջև արդյունավետ երկխոսությանը: Տնտեսության իրական հատվածը արդյունավետորեն գործող պետության հիմնասյուն է, և ներդրումային լավ մթնոլորտը շարունակում է էական նշանակություն ունենալ մասնավոր հատվածի հետագա զարգացման և տնտեսական աճի համար», – ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար՝ դեսպան Դեյվիդ Մորանն ասել է․ «Միացյալ Թագավորությունն ուրախ է իր «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով  աջակցել Գործարարության աջակցման գրասենյակին : Դա կօգնի ՀՀ կառավարությանն իր աշխատանքներում՝ ուղղված Հայաստանի ներդրումային ներուժի զարգացմանը, ներդրողների վստահության ամրապնդմանը և COVID-19-ի տնտեսական հետևանքների հաղթահարմանը»:

Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանն ասել է․ «Գործարարության աջակցման գրասենյակը հաջողությամբ կատարում է իր դերը պետական-մասնավոր երկխոսության ձևավորման և իրականացման գործում, հայ գործարար համայնքին աջակցություն և փորձագիտություն է տրամադրում բարեփոխումների ծրագրերի մշակման գործում, և այս գործընթացում ԳԱԳ-ը նախարարության հիմնական գործընկերն է: Մենք համագործակցությունն արդյունավետ է և մենք նախատեսում ենք ավելի շատ համատեղ ծրագրեր: Մենք ուրախ ենք լսել, որ Միացյալ Թագավորության կառավարությունը իր՝ «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով աջակցելու է գրասենյակին՝ ապահովելով ֆինանսավորման շարունակականությունը, և դա կհանգեցնի նոր հնարավորությունների, որտեղ մենք կհամագործակցենք և թվով ավելի շատ համատեղ նախաձեռնություններ կիրականացնենք»։

Գործարարության աջակցման գրասենյակի մասին

Գործարարության աջակցման գրասենյակը, որը հիմնադրվել է 2007 թվականին ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ, ղեկավարում է պետական-մասնավոր երկխոսության հարթակը՝ ՀՀ կառավարության և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ներդրող է և համատեղում է ներդրումները բարեփոխումների աջակցության հետ՝ սատարելով այն բարեփոխումներին, որոնք օգնում են բարելավել գործարար միջավայրը և ներդրումներ մոբիլիզացնել այլ աղբյուրներից: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է մինչև 1,4 միլիարդ եվրո՝ ընդհանուր առմամբ 183 ծրագրերի միջոցով:

Բրիտանական դեսպանատուն Երևանում

Բրիտանական դեսպանատունն իր գործունեությամբ նպաստում է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ համագործակցելով Հայաստանի կառավարության և այլ գործընկերների հետ: Հայաստանում ՄԹ աջակցության ներկայիս ծրագրերն ուղղված են մարդու իրավունքների, լավ կառավարման և ժողովրդավարության միջազգային սկզբունքների ներդրմանը, պաշտպանական և անվտանգության համագործակցությանն աջակցելուն, կայունության հաստատմանը, կայուն տնտեսական աճի խթանմանը և երկու երկրների ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին իրականացվում է «Լավ կառավարման հիմնադրամի (Good Governance Fund – GGF)» միջոցով։

Մնացե՛ք կապի մեջ․

www.gov.uk/world/armenia

https://facebook.com/britishembassyyerevan
0
  >>>
  • No related posts found.

Add a Comment